Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կատալոնիան պատրաստ չէ կռվի

Կատալոնիան պատրաստ չէ կռվի
29.10.2017 | 10:52

Իսպանիայից անկախանալու Կատալոնիայի հայտարարությունը, որի օգտին քվեարկեց Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին, ըստ էության սիմվոլիկ ժեստ է իրական անկախության համեմատությամբ։ Իրավիճակի հանգուցալուծման համար Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյից կպահանջվեն փորձ ու հմտություններ: Վերջին օրերին ես Բարսելոնում էի ու փորձում էի հասկանալ խաղարկվող բարդ խաղն ու հիմքում ընկած պատճառները։ Հոկտեմբերի 26-ի հինգշաբթի օրը թվում էր, որ Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնը պատրաստ է հրաժարվել անկախության հռչակումից և նշանակել շրջանային ընտրություններ Իսպանիայի Սահմանադրության շրջանակներում։ Երբ սկսեցին նման հաղորդումներ ստացվել, ծայրահեղ ձախ CUP կուսակցության, որ ամենից բարձր է հայտարարում անկախության մասին, ղեկավար Անտոնիո Բանոսը Twitter-ում իր պրոֆիլի պատկերը փոխեց Պուչդեմոնի գլխիվայր պատկերով` նրան մեղադրելով ուխտադրժության մեջ։ Անկախության կողմնակից ուսանողները սկսեցին ի նշան բողոքի հավաքվել կառավարության շենքի մոտ։ Պուչդեմոնի ելույթը սկզբում հետաձգեցին, հետո բեկանեցին:

Բանոսը Պուչդեմոնի լուսանկարը կողքի շրջեց։ Վերջապես Պուչդեմոնը հայտարարություն արեց` նա որոշել է ընտրություններ չնշանակել, փոխարենը նա խորհրդարանին կոչ արեց որոշել` արժի՞ անկախություն հայտարարել: Բանոսը Պուչդեմոնի լուսանկարը ճիշտ դիրքի բերեց։ Իրականում Պուչդեմոնի անվճռականությունը Ռախոյի հաջորդ քայլը կանխելու փորձ էր` Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որ Մադրիդին թույլ է տալիս ուղղակի կառավարում մտցնել շրջանում: Ռախոյի կառավարությունը չնահանջեց և տեղեկացրեց Պուչդեմոնին, որ ընտրությունները չեն ազդում կառավարությունը հեռացնելու իր ծրագրերի վրա։ Պուչդեմոնն այլևս ոչինչ չուներ կորցնելու։ Որոշումը խորհրդարանին թողնելով, որտեղ մեծամասնությունը իր բլոկը և CUP կուսակցությունն են, նա գիտեր, որ անկախություն հռչակելու որոշումը կընդունվի և որոշեց պայքարել մինչև վերջ:
Իսպանիան կանի` ինչ խոստացել է մի քանի օրում։ Իսպանիայի Սենատը 155-րդ հոդվածը կիրառելու օգտին առաջին անգամ քվեարկեց հոկտեմբերի 27-ին։ Կատալոնիայի խորհրդարանի որոշումից անմիջապես հետո Ռախոյը խոստացավ «վերականգնել օրինականությունը» Կատալոնիայում։ Բարսելոնում խորհրդարանի շենքի մոտ հավաքված հազարավոր մարդիկ փաթաթվել էին կատալոնյան դրոշների մեջ ու տոնում էին ուրբաթ օրվա քվեարկության պատմական ելքը։ Այս արևոտ ու անհոգ քաղաքում անկախության համար պայքարելու ցանկություն չկա։ Անգամ ինձ հետ զրուցած անկախության կողմնակիցները բացառում են բռնության կիրառման սցենարները։


«Ես չեմ մեռնի ոչ հանուն դրոշի, ոչ հանուն երկրի»,- հայտարարեց Ժորդի Սելասը,որ Կատալոնիայի նախկին կառավարության մեջ մշակութային նախագծերի պատասխանատուն էր, իսկ հիմա Minoria Absoluta հեռուստաընկերության ռազմավարական տնօրենն է։ Սելասը անկախության բուռն կողմնակից է, Իսպանիայի կազմից դուրս գալու բոլոր հանրահավաքների մասնակից և քվեարկությունը իր Twitter-ում հրճվալից գրառումով արձանագրած: Նա պատմում է, որ կատալոնացիները առևտրականների ազգ են, ոչ թե մարտիկների, այդ պատճառով անկախության համար նրանց պայքարը միշտ խաղաղ է լինելու։ «Մարդիկ երբեք չեն կռվի,- ասաց նա,- դա ոչ մեկի մահը չարժի»։
Այս դիրքորոշումն արմատապես տարբերվում է այն դիրքորոշումներից, որ ես կարողացել եմ տեսնել անջատական այլ շրջաններում ու երկրներում, որ ձգտում են սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինել: 2017-ի Բարսելոնը բնավ 2014-ի Կիևը չէ, որտեղ մարդիկ պատրաստ էին մեռնել ու մեռնում էին ՈՒկրաինայի եվրոպական ընտրության համար։ Այդ պատճառով Ալֆոնսո Լոպես Տենան` իրավաբան, որ գլխավորում է անջատական քաղաքական կուսակցություն ու ներկայացնում էր կատալոնյան խորհրդարանը 2010- 2012-ին, Պուչդեմոնի կառավարության քայլերը անվանում է «էժան ֆարս»։ «Կատալոնացիները անկախություն չեն ուզում, նրանք ցանկանում են,- պատմեց նա ինձ:- Նրանք սիրում են իրենց դուր գալ, հանուն արդար գործի իրենց զոհ զգալը շոյում է նրանց ինքնասիրությունը»։


Դա պատճառներից մեկն է, որ անկախության հռչակումը չի նշանակում վերջնական խզում Իսպանիայի հետ: Երկրորդ պատճառը` անգամ իրենք` անջատականները հասկանում են` իրենց պետությանը անկախության կարևոր տարր է պակասում` միջազգային ճանաչում։ Բացի տաքգլուխ, ծայրահեղ ձախերի մի խմբակից` Բարսելոնում ոչ ոք չի ցանկանում ապրել ոչ մի երկրի կողմից չճանաչված պետությունում։ Պրագմատիկ կատալոնացիները ցանկանում են, որ իրենց պետությունը լինի Եվրամիության կազմում, իսկ ԵՄ պաշտոնատարներն ու երկրները խիստ իսպանամետ դիրքորոշում ունեն ու հազիվ թե անկախ Կատալոնիան միջազգային աջակցություն ստանա։ Պուչդեմոնի կառավարության նպատակն էր ԵՄ միջամտություն ստանալ, որպեսզի ԵՄ-ն դիմակայող կողմերի միջև կանգներ: Սելասն ասում է, որ դա չի լինի։ «ԵՄ-ում ոչ ոք երբեք չի քննարկել` ինչ անել նոր պետության հետ, որ ԵՄ անդամ չէ, իր 7,5 միլիոն բնակչությունով»: ԵՄ-ն չի ցանկանում խնդիրներ ստեղծել իր ազդեցիկ անդամներից մեկի հետ։ Հինգշաբթի օրվա քվեարկությունը նույնքան լեգիտիմ էր, որքան հոկտեմբերի 1-ին Պուչդեմոնի անցկացրած հանրաքվեն` հակառակ Իսպանիայի Սահմանադրական դատարանի արգելքի։ Շրջանի անջատմանը Իսպանիայից հավանություն են տվել 135 օրենսդիրներից միայն 70-ը, իսկ իսպանամետ կուսակցությունները խորհրդարանի դահլիճից հեռացան այդ քայլի դեմ կատաղի ելույթներից հետո։ Նույնիսկ դա հնարավոր դարձավ բացառապես այն պատճառով, որ Կատալոնիայի ընտրախավային համակարգը հակված է նվազ բնակեցված հանրությունների կողմը, որտեղ տարածված է կատալոնական ազգայնականությունը: ԵՄ-ն չունի որևէ օրինական հիմք և ազդակ` թուլացնել մադրիդամետ տրամադրությունները։ Իսպանիայի վարչապետը, սակայն, չպետք է կրկնի հոկտեմբերի 1-ի սխալները: Իսպանիայի ոստիկանությունը ծայրահեղ բռնությունների դիմեց հանրաքվեի կողմնակիցների նկատմամբ, որ զայրույթ հարուցեց Կատալոնիայում և համակրանք անջատողականների նկատմամբ այլ երկրներում։ Անցնելով կատալոնյան կառավարության ղեկավարմանը` Ռախոյը պետք է զգույշ գործի։ Չնայած կատալոնացիները կռվի չեն նետվում, նույնիսկ անջատականների ձերբակալությունների ժամանակ նրանք խաղաղ էին բողոքում, Ռախոյը, եթե մտադիր է կատարել իր կառավարության սպառնալիքները և անջատողականներին ապստամբության մեղադրանք առաջադրել, իր գործողություններում պետք է բացառի ոստիկանության հետ բախումները:

Անջատման կողմնակիցները շատ լավ են կազմակերպված և իբրև ծայրահեղ միջոց կարող են համատարած գործադուլների դիմել շրջանում, որ Իսպանիային տալիս է տարեկան տնտեսական եկամտի հինգերորդ մասը և արտահանման մեկ քառորդը։ Այս անգամ Մադրիդը հարկադրված է ավելի շատ ռեսուրսներ ներդնել հաջորդ շրջանային ընտրություններում և առավել հոդաբաշխ բացատրել Իսպանիայի կազմից դուրս գալու տնտեսական հետևանքները, որ բարեկեցիկ, ջանադիր աշխատող կատալոնացիների համար հզոր փաստարկ կդառնա, որ առայժմ նրանց բավականաչափ համոզիչ չի ներկայացվել։ Տեսականորեն Իսպանիայի կառավարությունը պետք է դիտարկեր դաշնայնացման հնարավորությունը` լարումը հանելու համար: Բայց Բարսելոնում ոչ ոք չի սպասում, որ Ռախոյը կընտրի այս ճանապարհը, որովհետև նրա առանցքային ընտրախավը կտրականապես դեմ է այդ քայլին։ Երկարաժամկետ լուծումներ գտնելու փորձերը ապագա կառավարությունների խնդիրը կդառնան, որոնք կղեկավարի արդեն ոչ Ռախոյի ժողովրդական կուսակցությունը։ Իսպանիայի վարչապետից միակ սպասելիքը զգուշությունն է հույսերով լի Բարսելոնի նկատմամբ, որ քաղաքը չնմանվի 2014-ի Կիևին, բայց` արմավենիներով:
Լեոնիդ ԲԵՐՇԻԴՍԿԻ, Bloomberg, ԱՄՆ


Հ.Գ. Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պաշտոնանկեց Կառլես Պուչդեմոնին, նրա փոխարեն նշանակելով փոխվարչապետ Սորայե Սաենս դե Սանտամարիային։
Կառլես Պուչդեմոնը հայտարարեց «ժողովրդավարական դիմադրության» սկիզբ և հրաժարվեց իշխանությունը փոխանցել՝ նշելով, որ «ժողովրդավարական հասարակությունում միայն խորհրդարաններն են նշանակում կամ հեռացնում նախագահներին»: Մադրիդի որոշումներն ուժ չունեն, հասկացրել է նա. «Մենք կշարունակենք աշխատել՝ ազատ պետություն կառուցելու համար, երաշխավորելու համար հասարակության ստեղծում, որում կլիներ ավելի քիչ անարդարություն, ավելի շատ հավասարություն և եղբայրություն աշխարհի բոլոր ժողովուրդների հետ՝ սկսած Իսպանիայի ժողովրդից, որի հետ մենք ուզում ենք հասնել փոխադարձ հարգանքի և ճանաչման»: Պուչդեմոնն ասել է, որ Կատալոնիան իր պատմության նոր փուլ է մտնում, «որին երկիրը դեռ ոչ մի անգամ չի բախվել»: Այդ ճանապարհին «մենք պետք է պահպանենք հանգստությունը, համառությունը և հեռանկարի տեսլականը»: ՈՒ ի՞նչ է անելու հմայիչ Սորայե Սաենս դե Սանտամարիան, հրամայելու է կալանավորե՞լ Կառլես Պուչդեմոնին` ապստամբության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ